top of page

Լիբերթար, թե՞ ավտորիտար

Ի՞նչ է լիբերթար պահպանողականությունը


Նախաբան


Քաղաքականությունը միջոց է, գործիք, նաև՝ արվեստ, ըստ իրավիճակի և մարտահրավերների, իրավիճակներին ու մարտահրավերներին լուծումներ ու ճանապարհներ գտնելուն։ Քաղաքականության մեջ «իզմ»երը չափորոշիչներ են, անհրաժեշտ պայման՝ քաղաքական գործչի կամ կուսակցության արժեհամակարգը, գաղափարական հենքն ու ուղղվածությունը հասկանալու համար։


Իզմերի, քաղաքական ուղղությունների համակարգը հասկանալու համար կա քաղաքական կողմնացույց կոչվող գծագիրը, որը հետևյալն է՝ երկու իրար խաչաձև հատող գիծ, որոնք առանձնացնում են չորս բևեռ՝ ձախ VS աջ, լիբերթար VS ավտորիտար։ Քաղաքական «իզմ»երը, նույնիսկ եթե դրանց անվանումը ընդհանուր իմաստային արմատ ունեն, երբեմն բնավ նույն ուղղությամբ չեն զարգանում։ Ինչպես օրինակ լիբերալն ու լիբերթարը, չնայած հիմքում նույն «ազատություն» արմատն է։ Նմանապես, օրինակ՝ սոցիալիզմը նույնը չէ, ինչ սոցիալ դեմոկրատիան, նույնը չէ, ինչ նացիոնալ սոցիալիզմը, նույնը չէ ինչ կոմունիզմը, ինչպես և դասական լիբերալիզմը նույնը չէ, ինչ պրոգրեսիզմը, նույնը չէ, ինչ նեո-լիբերալիզմը, նույնը չէ, ինչ լիբերալ-դեմոկրատիան։



Քաղաքական աջ, քաղաքական ձախ


Տոմաս Սոուելից այս մեջբերումը լավագունն է նկարագրում քաղաքական գաղափարախոսությունների ընկալումն ու ձևափոխումը պատմության ու ժամանակի մեջ՝ « Եթե դու միշտ համարել ես, որ բոլոր մարդիկ պիտի խաղան նույն կանոններով և գնահատվեն նույն չափորոշիչներով, դու կպիտակավորվեիր որպես ծայրահեղական 60-ականներին, լիբերալ՝ 30 տարի առաջ, իսկ հիմա՝ ռասիստ»։ Սոուելը սա գրել է ինսունականներին, այսօր, 21-րդ դարում, այս տերմիններն այլևս լրիվ այլ կերպ են ընկալվում և արտահայտվում։


Մինչև մանրամասնելը կարևոր է հասկանալ, որ 2021 թվականին մենք այլևս չենք խոսում դասական աջ կամ դասական ձախ հասկացությունների մասին, քանզի թե աջը, թե ձախը բազմիցս ձևակերպվել են, ձևափոխվել, փոփոխվել, զարգացել։


Ընդհանուր պատկերացման համար, եթե գանք ձախից աջ պարզեցված և հիմնական գաղափարախոսություններով, հերթականությունը հետևյալն է՝ կոմունիզմ, սոցիալիզմ, կենտրոնամետություն, պահպանողականություն, ազգայնականություն։


Քաղաքական երեք հիմնական գաղափարախոսություններն են՝ լիբերալիզմ, սոցիալիզմ, պահպանողականություն։ Մնացած բոլոր իզմերը սրանց տատանումներն են՝ ավելի աջ, ավելի ձախ կամ՝ համադրված։


Աջ ուղղություններ են հանրապետականը, պահպանողականը, ազգայնականը։ Ձախ են՝ կոմունիզմը, սոցիալիզմը, դեմակրատները։ Սրանցից բխում են բոլոր բևեռացումները՝ ծայրահեղ դրսևորումները և համադրությունները։


Ժողովրդավարությունը հաստատվում է կենտրոնամետ ուժերի դեպքում, ցանկացած բևեռում՝ ծայրահեղ աջ, կամ ծայրահեղ ձախ՝ հաստատվում է բռնապետություն։




Ինչ է պահպանողականությունը՝ աջակողմյան քաղաքական փիլիսոփայություն է, որը կարևորում է Պետականության և ավանդական արժեքների պահպանումն ու հակադրվում է պրոգրեսիզմին կամ պրոգրեսիվիզմին։


Ինչ է պրոգրեսիզմը՝ ձախակողմյան քաղաքական ուղղություն, որը կարևորում է սոցիալական ռեֆորմները և հակադրվում է պահպանողականությանը։


Ինչ է լիբերալիզմը՝ դասական լիբերալիզմը քաղաքական և ժամանակակից մտքի հոսանք է, որը հայտնվեց XVI դարում և աստիճանաբար զարգացավ մինչև քսանմեկերորդ դարը: Իր կողմնակիցների համար այն ոչ թե քաղաքական գաղափարախոսություն է, այլ քաղաքական փիլիսոփայություն, քանի որ խոսքը վերաբերում է հասարակության և անհատների խաղաղ զարգացմանը ՝ հիմնվելով բոլոր դերակատարների հավասարակշռության վրա, պետության նվազագույն միջամտությամբ: Անհրաժեշտ է համարում օրենքի գերակայությունը ՝ անհատական ​​ազատությունները երաշխավորելու համար: Դասական լիբերալիզմի և նեո-լիբերալիզմի միջև տարբերությունն այն է, որ դասական լիբերալիզմը, լինելով աջակողմյան գաղափարախոսություն, ցանկանում էր նվազեցնել կառավարության ներգրավվածությունը և կենտրոնանալ անհատական ազատությունների վրա, մինչդեռ նեոլիբերալիզմը ագրեսիվ առաջադիմականությունն է (progressivisme), որը պաշտպանում է կառավարության օգտագործումը `արդարության և հավասարության ուղղությամբ առաջընթացն արագացնելու համար, այսպիսով մղվելով ձախ փիլիսոփայության հարթակ։



Ի՞նչ է լիբերթարիանիզմը


Մի փոքր պատմական էքսկուրս՝

Լիբերթար (libertarian ENGL, libertaire FR) տերմինը առաջին անգամ օգտագործել է Ուիլյամ Բելշամը, 1789 թվականին: Դա «ազատություն» (liberty) և «միավորում» (unitarian) բառերի միավորումն է: Գաղափարն այն էր, որ մարդիկ, բնականորեն, ունեն ինքնավար ազատ կամք: 1878 թ.-ին այս տերմինը ձևակերպվեց որպես «Մի մարդ, ով քարոզում է մտքի և վարքի հնարավոր մեծագույն ազատությունը»:

Տերմինը շատ քիչ է օգտագործվել մինչև 1971 թ.-ը, երբ Լիբերթարիան կուսակցությունն այն ընդունեց որպես անվանում և տարածեց։ Չնայած այս նեոլոգիզմը համեմատաբար նոր է, սկզբունքները, որ այն պարունակում է, հնագույն են։

Լիբերթար տերմինն առաջին օգտագործողներից էր նաև ամերիկացի քաղաքական գործիչ Լեոնարդ Ռիդը, ով 1940-ականներին իրեն հռչակեց լիբերթար, և նրան հետևելով, անձնական և տնտեսական ազատության շատ կողմնակիցներ սկսեցին իրենց նույնպես անվանել լիբերթար, այպիսով իրենց տարբերակելով լիբերալներից, քանզի «լիբերալ» անվանումը XX դարից ի վեր ԱՄՆ – ում և որոշ այլ երկրներում կրում են անձնական ազատության և ռեսուրսների պետության վերաբաշխման կողմնակիցները, ինչպիսիք են սոցիալ-դեմոկրատները և ոչ ռադիկալ կոմունիստները:


Հիմնական դրույթներ


Լիբերթարիանիզմը, որը կոչվում է նաև լիբերթարիզմ, քաղաքական փիլիսոփայություն է, որի համար ազատությունը ընկալվում է որպես սոցիալական հարաբերությունների, տնտեսական հարաբերությունների և քաղաքական համակարգի հիմնարար արժեք, հիմնական սկզբունք:


Լիբերթարները ձգտում են առավելագույնի հասցնել ինքնավարությունն ու քաղաքական ազատությունը ՝ շեշտը դնելով ազատ միավորմանը, ընտրության ազատությանը, ինդիվիդուալիզմին և կամավոր միավորմանը: Ազատական մտքի տարբեր դպրոցներ առաջարկում են մի շարք տեսակետներ ՝ կապված պետական և մասնավոր իշխանության օրինական գործառույթների հետ, որոնք հաճախ կոչ են անում սահմանափակել կամ լուծարել հարկադրանքի սոցիալական ինստիտուտները: Լիբերթարիզմի համար արդար հասարակությունն այն հասարակություն է, ուր ինստիտուտները հարգում և պաշտպանում են յուրաքանչյուր անհատի ազատությունը, անհատի իր սեփականությունն ունենալու և օգտագործելու իրավունքը, ինչպես նաև օրինականորեն ձեռք բերած գույքային այլ օբյեկտների նկատմամբ անհատի լիակատար և անձեռնմխելի իրավունքները:


Եթե այսօր լիբերալի ու լիբերթարի տարբերությունը մեկ նախադասությամբ ձևակերպենք, ապա՝ լիբերալն ուզում է, որ շուկան թելադրի օրենքը, լիբերթարն ուզում է, որ ազատությունը թելադրի օրենքը։


Լիբերալի համար առաջնայինը կապիտալն է, լիբերթարի՝ ազատ անհատը։ Լիբերալիզմը կենտրոնացված պետության կողմնակից է, լիբերթարիանիզմը ապակենտրոնացման և մաքսիմում անհատական ազատականացման։ Լիբերալը կարող է գնալ կոմպրոմիսների ու տեղակայվել աջ կամ ձախ՝ ըստ քաղաքական կոնտեքստի հարմարության, մինչդեռ լիբերթարը երբեք չի դառնում ավտորիտար, միշտ առաջնային տեղ տալով անհատի ազատություններին ու նրա ազատ ինքնորոշվելու իրավունքին՝ պետությունից դուրս, միաժամանակ խիստ կարևորելով անհատական պատասխանատվության ինստիտուտը, այն համարելով հաջողության ամենաուժեղ գրավականը։


Ավելի նեղ վերլուծությամբ՝ դասական լիբերալիզմը և լիբերթարիանիզմը ծնվել են տարբեր ժամանակներից և ունեցել են տարբեր կատալիզատորներ: Առաջինը վերացնում էր կրոնաապետությունների, միապետությունների կեղեքումը և այն հասկացությունը, որ փոքր խմբին թույլատրելի էր իշխել զանգվածների վրա, մինչդեռ լիբերթարիանիզմը պատասխան է իմպերիալիզմի, բյուրոկրատիայի և պրոգրեսիվիզմի չարաշահումներին:


Ի՞նչ է լիբերթար (ոչ թե լիբերալ) պահպանողականությունը։*


*(Լիբերթար բառն օգտագործում ենք ազատականի փոխարեն, քանի որ լիբերալ ու լիբերթարը եզրույթները հայերենում նույն կերպ են թարգմանվում՝ ազատական, ուստի ընտրել ենք լիբերթարի օրիգինալ, այսինքն լատինահունչ օգտագործումը, մինչ ավելի ճշգրիտ թարգմանություն ունենալը)


Լիբերթար պահպանողականությունը, որը նաև անվանվում է ֆուզիոնիզմ, քաղաքական փիլիսոփայություն է, որը միավորում է ավանդույթների հանդեպ պահպանողական մոտեցումն ու մարդու ազատությունների արժևորումը։ Սա աջ քաղաքական շարժում է, որը ձգտում է միավորել ազատական ​​և պահպանողական գաղափարները, այսինքն ՝ փորձում է համադրել ազգային ավանդույթների ու արժեքների պահպանումն ու զարգացման պահպանողական ընթացքը մարդու անհատական ​​ազատությունների և իրավունքների պաշտպանության ու հարատևման հետ:


Լիբերթար պահպանողականությունը գաղափարախոսություն է, որը հնարավոր է համարում Մարդու ազատությունների և իրավունքների պահպանմամբ՝ կենսունակ, հնարավորինս ապակենտրոնացված, բայց և դիմակայուն պետության կայացումը, որը չի բացառում կամ զոհաբերում Ազատությունը Պետության հաստատման ճանապարհին, և չի զոհաբերում իր պատմական հայրենիքն ու պետությունը կասկածելի նորարարական պրոգրեսիվիզմին։


Արուսյակ Հայրապետյան

«Ձայն» Լիբերթար Պահպանողական Կուսակցության նախագահ



bottom of page