top of page

«Ձայն» ԼՊԿ հայտարարությունն ի պատասխան Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման




2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը դադարեցվեց 2020թ նոյեմբերի 10-ի Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված եռակողմ հայտարարությամբ։


Վերջինս նախատեսում էր տարածաշրջանում խաղաղության հաստատման քայլեր։


Ադրբեջանը սակայն ոչ միայն հետևողական չի եղել հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների առնչությամբ, այլ բացահայտ կերպով շարունակել է ռազմատենչ հակահայկական հռետորաբանությունը՝ պարբերաբար անցնելով կոնկրետ գործողությունների։


2021 թվականի նոյեմբերի 11-ից Ադրբեջանը սկսել է հերթական անօրինական գործողությունները՝ ներթափանցելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և գրավելով ՀՀ սահմանային տարածքի առանձին հատվածներ։

Այսօր արդեն ադրբեջանական զինված ուժերը առաջացել են ՀՀ արևելյան սահմանով՝ փաստացի հարձակում գործելով ՀՀ սուվերեն տարածքի ու ժողովրդի նկատմամբ։


Ստեղծված պայմաններում, արձանագրելով Հայաստանի Հանրապետության դաշնակից Ռուսաստանի Դաշնության հերթական անգամ դրսևորած պասիվությունը ընթացող գործընթացներին և Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության գործընկերների անգործությունը՝ կոչ ենք անում ՀՀ իշխանություններին, ի դեմս ՀՀ Կառավարության և ՀՀ Արտաքին Գործերի նախարարության գործարկել պետության տարածքային ամբողջականության պահպանման, խաղաղության հաստատման ու քաղաքացիների իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմները։


Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Վարչապետին և Արտաքին Գործերի նախարարությանը հորդորում ենք ժամ առաջ ծանուցում ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ բարձրացնելով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներթափանցման, սահմանների միակողմանի փոփոխության ու ազգաբնակչության կյանքի իրավունքի ու անվտանգության ապահովման հարցերը։


Միաժամանակ, ՀՀ իշխանությունները իրենց տրված իրավասությունների շրջանակում և որպես պետության ու քաղաքացիների առջև ստանձնած պարտավորություն՝ պետք է դիմեն Մարդու Իրավունքների Պաշտպանության տարածաշրջանային և ունիվերսալ բոլոր մարմիններին, միջազգային կազմակերություններին, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին և Հայաստանում միջազգային կազմակերպությունների ու դիվանանգիտական ներկայացուցչություններին ՝ բարձրացնելով ադրբեջանական ագրեսիան ու դրա հետևանքով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած կենսական խնդիրները։


ՁԱՅՆ ԼՊԿ ն կոչ է անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը չվախենալ ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահին, չկրկնել անցյալի ճակատագրական սխալներն ու սատարում է ՀՀ կառավարությանը նրա այն որոշումներում, որոնք ծառայելու են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը։


ՁԱՅՆ ԼՊԿ Կառավարման խորհուրդ

16.11.2021, Երևան


Comments


bottom of page