top of page

ՁԱՅՆ ԼՊԿ նախագահի ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ

Մեր նորագույն պատմության վերջին երեսնամյակում Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարբերաբար ոտքի է ելել, առաջ քաշելով իր սեփական, սուվերեն մտակերպն ու դուրս է եկել փողոց՝ այն պաշտպանելու, հրաժարվելով խոնարհվել որևէ կայսրության կամ որևէ գաղափարական կարծրատիպի առջև, ամեն անգամ հնչեցնելով նոր ժամանակի զանգերը:


Այդպես էր 1991-ին, որպես ինքնորոշված ազգ, այդպես էր նաև 2018-ին, երբ քաղաքացին քաղաքացիական անհնազանդության աննախադեպ ու հրաշալի ցուցադրությամբ հաջողեց այնպես, որ մեզ հետ բոլոր միջազգային քաղաքական, մշակութային եւ տնտեսական հարթակներում այլևս այլ կերպ էին խոսելու, այլ տոնայնությամբ, այլ կեցվածքով, այլ մոտեցմամբ, խոսելու էին հենց իբրև նոր ժամանակի զանգերը հնչեցնողի հետ:


Սակայն տկար, խեղված քաղաքական միտքը ի զորու չեղավ ձևավորելու հաղթած քաղաքացուն արժանի քաղաքական ընտրանի, ժողովրդական նվաճումը շարունակաբար մսխվեց, և որպես արդյունք ժողովուրդն իր զավակների կյանքի գնով վճարեց քաղաքական մտքի շարունակական սխալների ճակատագրական գինը, 44-օրյա պատերազմով։


2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությանը հայտարարված պատերազմը չի ավարտվել։ Այն Արցախի հարցով չի սկսվել ու Արցախի հարցով չի վերջանալու։ Այն պատերազմ է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, ու հայերիս՝ այս տարածքում ապրելու իրավունքին։


Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության քաղաքացու պայքարն այլևս ինքնիշխանության պայքարն է, իսկ հայաստանակենտրոն քաղաքացիների ու քաղաքական ուժերի միավորումը, որպես սուվերենիստների միություն, պետականության կորստին ու մոտալուտ անէացմանն այլընտրանք։ Այդ միավորումն ու դիմակայումն այլևս կոչված են լինել վերանձնական, վերդասակարգային, վերկուսակցական ու միտված հաստատելու հայ ժողովրդի կամքը՝ ունենալ Հայաստանի Հանրապետություն, ինքնիշխան ու հարատև։


Այսօր, նշելով Հայաստանի Հանրապետության ինքնորոշմամբ հռչակված անկախության 30-ամյակը ցավով պետք է արձանագրենք, որ դեռևս երբեք այդ անկախությունն այսչափ վտանգված չի եղել։


Մենք, բոլոր այն ուժերն ու քաղաքացիները, ովքեր գիտակցում են պետության ինքնիշխանության հարատևման կենսական անհրաժեշտությունն ու մեզ սպառնացող վտանգները, անելիք ունենք։


Հայաստանի Հանրապետությունը հարատևելու է, հաղթահարելու է մարտահրավերներն ու փորձությունները, ինչպես մեզնից առաջ այլ փոքրաթիվ, երբեմն՝ պարտված, բայց ճգնաժամերին դիմադրելու և հաղթելու իմաստնությունը ցուցաբերած պետություններ։


Մերժելով ամեն հուսալքում կամ թերահավատություն, և շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը ուզում եմ մաղթել մեզ, որ ի հեճուկս բոլոր թշնամիների, մեր պատմության հաջորդ երեք տասնամյակը նվիրված լինի ինքնիշխան, անվտանգ, մարդակենտրոն, իրավական, արդիական և ժողովրդավարական Հայաստանի Հանրապետության կայացմանը։


Comments


bottom of page