top of page

Հռչակագիր

"Ձայն" Լիբերթար Պահպանողական Կուսակցությունը, քաղաքացու բարձրագույն արժևորմամբ, 21-րդ դարում Հայաստանին ներկայացված մարտահրավերներին լավագույն պատասխան տալու կարողությունն ունեցող, քաղաքացու իրավունքներին ու ազատություններին միտված, լիբերթար պահպանողական, կենտրոնից աջ, կուսակցություն է: 

 

Կուսակցությունը «մարդ, իրավունք, պետություն» եռամիասնությունը տեսնում է առաջնայնությունների այս հաջորդականությամբ, ուր իրավունքը դիտվում է որպես անհատ մարդկանց ու խմբակցությունների հարաբերությունների կարգավորման միջոց, իսկ առավելագույնս նպատակահարմարորեն ապակենտրոնացված իշխանությամբ պետությունը՝ մարդուն և քաղաքացուն պատկանող ու ծառայող, կենսունակ համալիր համակարգ։

 

Մենք արդարադատության ապահովումը տեսնում ենք որպես պետության հիմնարար առաքելություններից մեկը, որևէ միջամտումը արդարադատության գործընթացներին համարելով անթույլատրելի: Մենք համոզված ենք, որ պետության կողմից այս առաքելության ձախողումը հանգեցնում է ապագայի նկատմամբ քաղաքացիների հավատազրկմանն ու սեփական պետությանն այլընտրանքների որոնմանը: Մենք նպատակ ունենք պահպանել և զորացնել քաղաքացիների հավատն ու Հայաստանի ինքնիշխանության ոգին՝ կենսագործելով հայության և ՀՀ քաղաքացիների արդար, իրավական, ազատ և անկախ Հայաստանի Հանրապետությունում ապրելու իրավունքն ու հնարավորությունը:

 

Հայտարարելով մեր մարդակենտրոն, հայաստանակենտրոն և պետականամետ կուսակցություն լինելու պարագան, մենք ձգտում ենք աշխարհասփյուռ հայերի միավորմանն ի նպաստ հայկական պետականության առաքելության: Մենք ձգտում ենք նրանց հետ մեր համագործակցության կայացմանը և պայքարում ենք  հանուն բոլոր ՀՀ քաղաքացիների իրավունքների ու պարտավորությունների հավասարեցման պետական քաղաքականության: 

 

Մենք բողոք ենք հայտնում Հայաստանի բնակչության, գործարարության և տնտեսության դեմ խեղդամիջոցներ իրականացնող հարկային, մաքսային, դրամական և վարչարարական քաղաքականությանը և հավատում ենք, որ անարդյունավետ պետական համակարգի կողմից տնտեսական գործակալների ուսերին դրված բեռի թեթևացումը նպաստում է հանրության ստեղծարար ուժերի կողմից տնտեսության մասնակցության ընդլայնմանն ու արդյունավետության խրախուսմանը:  

 

Մենք առաջնահերթություն ենք համարում Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի մարտունակության բարձրացումը, նյութատեխնիկական գերժամանակակից հագեցվածությունը և գիտելիքահենք ու խելամիտ ռազմարդյունաբերության ծավալումը։ Մարտունակ և արդիական Զինված Ուժերը մենք համարում ենք Հայաստանի Հանրապետության անվտանգության և կենսական շահերի պաշտպանության առաջնային երաշխավոր։

 

Մենք մերժում ենք Հայաստանի մշակութային, հոգեբանական և առարկայական փակուղի հանդիսացող, չարյաց փոքրագույնի ենթակայական արտաքին քաղաքականությունը և, որպես խաղաղության և անվտանգության հաստատման, Զինված Ուժերին ուղեկցող միջոց, բազմաշերտ արտաքին քաղաքականության և արդյունավետ դիվանագիտական գործունեության ձևակերպմամբ և իրականացմամբ, ձգտում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական այլընտրանքների բազմազանացմանը:

 

Մենք ազատությունը համադրում ենք հարգանքի, բարեկեցությունը՝ արդարության, ինքնիշխանությունը`համագործակցության և պահպանողականությունը՝ նորարարականության ու ստեղծարարականության հետ: 

 

Մենք բարձր ենք գնահատում անցյալը, միևնույն ժամանակ՝ գիտակցում ենք ներկայի մարտահրավերները, և կարողությունների, հմտությունների պաշարով ու կամային հետևողականությամբ, ձգտում ենք կերտել Հայաստանի նպատակային ապագան։ Մենք արժևորում ենք ժամանակն ու պատմությունը,  և խանդավառության, փոթորիկների ու աղետների ժամանակ անգամ ցուցադրելու ենք ողջամտություն, հանգստություն և վճռականություն: 

 

Մենք դիրքավորվում ենք որպես Հայաստանի Հանրապետության ներկայի և ապագայի կերտման համար անհրաժեշտ և ողջամիտ ձայն։

bottom of page